Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված
հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ
կապի վարչությունից, հոգեւոր արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։ Պատարագի ավարտից հետո մասնակիցները` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի,
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ, երթով ուղևորվել են դեպի Փարիզի Երևանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և ֆրանսահայերի անունից ծաղկեպսակների զետեղման արարողություն: Նույն օրն առավոտյան Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված
պատարագներ են մատուցվել Մարսելում, Լիոնում և հայաշատ այլ քաղաքների հայ
առաքելական եկեղեցիներում:
Աղբյուրի համաձայն, փետրվարի 16-ին ՀՀ դեսպանության
նախաձեռնությամբ հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել նաև Մոսկվայի ՀԱԵ
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի նորակառույց Սբ.Պայծառակերպության
եկեղեցում: Միջոցառմանը ներկա են եղել
Մոսկվայի համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ` Ռուսաստանի Հայերի
միության, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության,
«Արարատ» մշակութային միության ղեկավարությունը և բազմաթիվ այլ հյուրեր:
Կիրակնօրյա պատարագին և դրան հաջորդած հոգեհանգիստին հետևել է ՌՀՄ և «Արարատ»
միության կողմից ծաղկեպսակների դրման արարողությունը` եկեղեցական համալիրի բակում
տեղադրված խաչքարի մոտ: