Ավարտվել է Վազգեն Խաչիկյանի նկատմամբ նախաքննությունը, ով կալանավորվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում կատարված նախաքննության ընթացքում 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձիք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ:
Ընդհանուր առմամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 53 անձինք /2-ը` հետախուզվող/: Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 376.716.903 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը: Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 9 քրեական գործեր 28 անձանց վերաբերյալ:
Երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի կիրառման հիմքով, իսկ 4 անձի նկատմամբ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հիմքով: