Թուրքիան կմտնի Մաքսային միություն այն ժամանակ, երբ Ռուսաստանը մտնի ՆԱՏՕ: Հոկտեմբերի 25-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում նման կարծիք է արտահայտել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի առաջարկը:
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Մինսկում կայացած նիստում Ղազախստանի նախագահն առաջարկել էր Թուրքիային նույնպես ընդգրկել Մաքսային միությանը: Նրա խոսքով, նման խնդրանքով անձամբ իրեն էր դիմել Թուրքիայի նախագահը:
ՙՉեմ կարծում, թե մենք պետք է հավատանք այն ամենին, ինչ ասում են քաղաքական գործիչները, անգամ վերևներում կայացած հեղինակավոր հանդիպումների ընթացքում: Համենայն դեպս, մենք մեծ նշանակություն չենք տալիս այդ հայտարարությանը, ելնելով դրա անիրականելիությունից, ինչը պայմանավորված է աշխարհում տիրող աշխարհաքաղաքական և գլոբալ իրավիճակով՚,-ընդգծել է Վարդանյանը: