Մայիսի
13-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է կառավարության
ներկայացրած «Կուտակային
կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների ընդլայնված տարբերակը: Եթե նախապես
կառավարությունն առաջարկել էր միայն կասեցնել վերը նշված օրենքի 76-րդ հոդվածի
գործողությունը, որը նախատեսում էր տուգանքներ համապատասխան կենսաթոշակային
վճարումների փոխանցումից հրաժարվելու համար, ապա մինչև արտահերթ նիստը օրինագծում
ավելացվել է ևս 3 կետ: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 68, դեմ` 12
պատգամավոր, 36-ը ձեռնպահ է մնացել:
Ներկայացնելով
կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Արտյոմ Ասատրյանը նշել է, որ օրինագծում առաջարկվում է նաև ավելացնել կետ, որի
համաձայն, կենսաթոշակային բարեփոխումների գործողությանը ենթակա քաղաքացիներն
ազատվում են համապատասխան վճարումները չկատարելու կամ փոխանցման ժամկետները
խախտելու համար պատասխանատվությունից:
Բացի
այդ, եթե քաղաքացին գործատուին դիմում է ներկայացնում այն մասին, որ ինքը
հրաժարվում է մասնակցել կուտակային համակարգին, գործատուն կարող է վճարումները
չփոխանցել և համապատասխան հաշվարկներ չկատարել: Դրա հետ մեկտեղ, նշել է նախարարը,
այդ համակարգում պետական մասնակցության բաժինը կփոխանցվի կենսաթոշակային
հիմնադրամներ մինչև սեպտեմբերի 30-ը, որը ՍԴ որոշմամբ ժամկետ է սահմանվել
կառավարության համար` օրինագծի թերությունները վերջնականապես վերացնելու համար:
Ասատրյանն ընդգծել է, որ այս օրինագիծը ժամանակավոր լուծում է, որը կոչված է
ժամանակ տրամադրելու գործադիր իշխանությանը հարցը համակողմանի քննարկելու և
այնպիսի որոշում մշակելու համար, որը բավարարի մեծամասնությանը: Ընդ որում
նախարարը հասկացրել է, որ կառավարությունը չի հրաժարվում կուտակային
կենսաթոշակների ներդրման գաղափարից, քանի որ, «հաշվի առնելով ժողովրդագրական
իրավիճակը և երկրում առկա ռեսուրսները, առանց նման համակարգի երբեք հնարավոր չի
լինի մարդկանց նորմալ կենսաթոշակով ապահովել» Հայաստանում: -