Քաղաքական ոլորտում Հայաստանը և ԵՄ-ն կարող են և ցանկանում են համագործակցել, այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը`պատասխանելով Հայաստանի եվրաինտեգրման առանձնահատուկ մոդել ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանն առնչվող հարցին:
Նրա խոսքով, երբեմն որոշ հայտարարություններ և խոսքեր ճիշտ հասկանալու համար հարկավոր է վերացականորեն ընկալել դրանք: ՙՀաճախ ԶԼՄ-ները իմ խոսքերն էլ են սխալ մեջ բերում, այդ պատճառով անհրաժեշտ է զգույշ արտահայտվել: Եվրոպան և Հայաստանը մանրամասն քննարկել և մշակել են ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագիրը: Համաձայնագիրն իր ներկայիս տեսքով չի կարող ստորագրվել, բայց դրանից կարելի է որոշ գաղափարներ քաղել: Դրանից կարելի է նոր տեքստ մշակել, սակայն չեմ կարծում, որն այն կունենա ՙԱսոցիատիվ՚ անվանումը: Կարծում եմ`այն կվերանվանվի: Սակայն, գաղափարը հետևյալն է`քաղաքական ոլորտում մենք կարող ենք և ցանկանում ենք համագործակցել: Դա ընդգծել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, և մենք աջակցում ենք նրան՚,- ասել է դիվանագետը: