Հունիսի 16-17-ը ՀՀ Ազգային ժողովում քննարկումներ տեղի կունենան Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության շուրջ, ըստ որի` Հայաստանը պետք է Մաքսային միություն մտնի առանց Լեռնային Ղարաբաղի, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Նիկոլ Փաշինյանի հարցմանը:
Նրանք, մասնավորապես, տարակուսանք են հայտնել Ղազախստանի դիրքորոշման առնչությամբ, որը, Հայաստանի հետ միասին լինելով ՀԱՊԿ կազմում, առաջ է մղում Ադրբեջանի շահերը, որն այդ կազմակերպության անդամ չէ: ՙՈրքանով է նպատակահարմար այդ դեպքում Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՚,- հարց է տվել Փաշինյանը: Նաիրա Զոհրաբյանը նույնպես դժգոհություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ արտաքին քաղաքական գերատեսչության լռության հետ կապված: