Հայաստանի քաղաքական և պետական որևէ գործիչ չի համաձայնի, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ տեղադրվի: Որևէ ուժ, որևէ կուսակցություն նման անհեթեթ գաղափար չի պատկերացնում, լրագրողներին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման դեպքում Արցախի ճակատագրի վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով, Հայաստանը և Արցախը երկու պետություն են, սակայն դա միասնական տնտեսական, կրթական, մշակութային և, ինչը շատ կարևոր է, պաշտպանական տարածություն է: Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախօրեի հայտարարությանը, մասնավորապես, Իլհամ Ալիևի նամակի վերաբերյալ`Աշոտյանն ասել է. ՙԱկնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները խանդով են վերաբերում Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարներին: Նրանք հասկանում են Երևանի այդ ընտրության բոլոր հետևանքները. հասկանում են, թե ինչ օգուտներ է այն խոստանում մեր երկրին՚,- նշել է Աշոտյանը:
Աշոտյանի խոսքով, Բաքուն և Աստանան, անշուշտ, սերտ համագործակցություն են ծավալում, առաջին հերթին`նավթագազային ոլորտում: Այդ հանգամանքը չի կարելի անտեսել, և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցմանը Նազարբաևի որոշակի հակառակումը հասկանալի է:
Բայց մյուս կողմից, հանրապետականը նշել է, որ Հայաստանը Եվրասիական միությանը պետք է ոչ պակաս, քան այդ նախագիծը Հայաստանին: Աշխարհաքաղաքական առումով Հայաստանը, որպես Հարավային Կովկասի երկիր, ԵԱՏՄ անփոխարինելի գործընկեր է: ՙՀայաստանի մասնակցությունը հնարավորություն կտա ընդլայնել այդ կառույցը դեպի հարավ, դուրս գալ Մերձավոր Արևելք և Առաջավոր Ասիա՚,- ասել է Աշոտյանը:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրն ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարներն, ի պատասխան, առաջարկել են այդ հարցը քննարկել ժամանկին` մինչև հուլիսի 1-ը, ընդգծելով, որ Հայաստանը պետք է կատարի միության մասնակիցների կողմից ներկայացվող բոլոր պահանջները: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կրկին հայտարարել է, որ պետք է հաշվի առնվի ղարաբաղյան հարցը: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ այն սահմանների շրջանակում, որոնցում անդամակցել է ԱՀԿ-ին: ՙՄենք Ադրբեջանի նախագահից նամակ ենք ստացել այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես նաև ԱՀԿ-ը: Սա` քննարկման համար՚, - ասել է Ղազախստանի նախագահը: