ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարողանում է երկրի ճակատագրի հանդեպ
անկեղծ մտահոգությունը տարբերել չարախնդությունից: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի
նիստից հետո լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, կուսակցության մամուլի
քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Իր քաղաքական կենսագրության ընթացքում Սերժ Սարգյանն
պացուցել է, որ իրատեսորեն է գնահատում մրցակությունը և կարողանում է երկրի ճակատագրի հանդեպ անկեղծ
մտահոգությունը տարբերել չարախնդությունից»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ
վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
հանդես էր եկել կառավարության քննադատությամբ, որից հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ
նիստում նշել էր, որ որոշ նախկին բարձրաստիճան անձեր իրենց հաջողությունը փնտրում
են գործող իշխանության ծախողումների մեջ, ինչը բազմաթիվ փորձագետների և քաղաքական
գործիչների կողմից գնահատվեց որպես Քոչարյանի հասցեին ուղղված ակնարկ: Իր հերթին,
Քոչարյանն էլ ընդգծեց, որ չի պատրաստվում բանավեճել, քանի որ խոսքը գնում է իր
սուբյեկտիվ տպավորությունների մասին: «Մանավանդ, որ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն պետական
պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս
իշխանությունների արդյունավետությունից: Ցավում եմ, որ նախագահը չի կարողանում երկրի
ճակատագրի հանդեպ անկեղծ մտահոգությունը տարբերել իշխանությունների գործունեության
ողբալի արդյունքների նկատմամբ չարախնդությունից»,-հայտարարել էր երկրորդ նախագահը: