Հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց պատերազմը դեռ չի ավարտվել ո՛չ հաղթողի, ո՛չ պարտվողի համար. այն շարունակվում է այլ հարթությունում, հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՀՀԿ 15–րդ համագումարում:
ՙԱմեն ինչից զատ, գալիք տարիներին մենք հիմնական խնդիր ունենք, և այդ խնդիրը եղել է, կա և լինելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը: Հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց պատերազմը դեռ չի ավարտվել ո՛չ հաղթողի, ո՛չ պարտվողի համար. այն շարունակվում է այլ հարթությունում: Հաղթողը լավ գիտի պարտադրված պատերազմում հաղթանակի գինը, որ վճարել է արյամբ և կորուստներով: Պարտվողին կուրացնում է հաղթանակը վերանվաճելու կործանարար մոլուցքը. մոլուցք, որը նրան զրկում է բանականությունից, կառուցողական բանակցելու ցանկությունից:
Իր իսկ կողմից պարտադրված պատերազմում պարտված հարևանն այսօր, խեղաթյուրելով իրականությունը, փորձում է կացնով խմբագրել պատմությունը` պատերազմ մղելով տեղեկատվական հարթությունում: Բովանդակային հարթությունում լինելով սնանկ՝ տուրք է տալիս ձևին, աստիճանաբար ավելի ու ավելի մեծ գումարներ ծախսելով սպառազինության վրա: Այս դահլիճում շատերն անձամբ են զգացել հաղթանակի բերկրանքն ու կհամաձայնվեն, որ պատերազմում հաղթում է ոչ թե փամփուշտը, այլ մարդը:
Մարդու տեսակը, մարդու կամքը, մարդու համոզմունքները, հավատը և որ ամենակարևորն է՝ ազատատենչությունը: Հաղթում են քաղաքացիները, հայրենիքի, երկրի պատասխանատու և հպարտ քաղաքացիները, որոնց միավորում են ոչ թե կուսակցական պատկանելությունը, ճաշակը, նախասիրությունները, գրպանի պարունակությունը, այլ այն համոզմունքը, որ մեր գործն արդար է՚,- ասել է Սերժ Սարգսյանը: