ՀՀ Սահմանադրական դատարանը երկրի Հիմնական օրենքին համապատասխան է ճանաչել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Դատարանի որոշումը նոյեմբերի 14-ին ընթերցել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում: Մինչև հունվար փաստաթուղթը պետք է վավերացվի ԵԱՏՄ բոլոր երկրներում և ստորագրվի նախագահների կողմից:
ԵԱՏՄ-ին Հայաստանի միացման վերաբերյալ պայմանագիրը նախատեսում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովում, տնտեսության ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացում: Պայմանագրի հիմնական նպատակներն են`բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով կողմերի տնտեսությունների կայուն զարգացման պայմանների ստեղծում; ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորման ձգտում; ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացում: Նաև, համաձայն պայմանագրի, ԵԱՏՄ-ն իր գործունեությունն իրականացնում է միջազգային իրավունքի համընդունելի սկզբունքների հարգանքի հիման վրա`ներառյալ կողմերի ինքնիշխան հավասարության և նրանց տարածքային ամբողջականության սկզբունքները; կողմերի քաղաքական կարգի առանձնահատկությունների նկատմամբ հարգանքը; փոխշահավետ համագործակցության և կողմերի ազգային շահերի հաշվառման ապահովումը; շուկայական տնտեսության սկզբունքների և բարեխիղճ մրցակցության ապահովումը: