Ռուսաստանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել
հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի
արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հունիսի 23-ին Երևանում Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Թե մինչև ցյուրիխյան
արձանագրությունների ստորագրումը, թե դրանից հետո Ռուսաստանը պատրաստակամություն է
հայտնել իր ավանդը ներդնելու այն ձևաչափով, որը ձեռնտու կլինի և Հայաստանին, և Թուրքիային», -
հայտարարել է Լավրովը: Այդ համատեքստում նա հավելել է, որ բանակցությունների
ընթացքում եղել են նաև ենթակառուցվածքային գաղափարներ, այդ թվում` երկաթուղային
հաղորդակցության հաստատումը, որը կկապեր հեռավոր շրջանները:
«Սակայն, այնուամենայնիվ, առաջին դերը պատկանում է արձանագրություններն ստորագրած
պետություններին», - նշել է Լավրովը:
ՀՀ
արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հիշեցրել է, որ ցյուրիխյան
արձանագրությունների ստորագրմանը ներկա է եղել նաև Սերգեյ Լավրովը, ինչը
խորհրդանշում է Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը: «Ռուսաստանի և մյուս երկրների դիրքորոշումն արտահայտվել է բազմաթիվ հայտարարություններում, որտեղ նշվել է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանի», - նշել է Նալբանդյանը, հավելելով, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ անում է հնարավորինը: