Թուրքիայի իրադարձությունները կարող են հանգեցնել նոր զինվորական հեղաշրջման այդ երկրում: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:
Նրա ասելով, այս օրերին Թուրքիան կերպարանափոխվում է, և, ագամ, եթե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվի ճնշել բողոքի ալիքը, այս օրերի իրադարձություններն իրենց կրիտիկական դերը կխաղան նախկին Օտոմանյան կայսրության պատմությունում:
ՙԻնձ բախտ է վիճակվել ականատես լինել Չաուշեսկուի վարչակարգի անկմանը Ռումինիայում, իսկ հետո` 1991 և 1993 թվականներին ժողովրդի կամքի արտահայտումներին Ռուսաստանում: Մասշտաբներն անհամեմատելի են: Թուրք այլախոհներին հաջողվել է ոտքի հանել ողջ քաղաքը: Եվ ոչ մի ինքնաբուխ ելույթ` գործող իշխանության օգտին: Փողոց է ելել լռակյաց մեծամասնությունը, որը պատրաստ չէ հանդուրժել իսլամիզմի ծայրահեղ ձևերը: Նրանց դուր չի գալիս նաև Էրդողանի ագրեսիվ վարքագիծը և նրա գյուղական ոճը: Գործնականում, ողջ ստեղծարար դասը բողոքում է Էրդողանի վարչակարգի դեմ: Ուսանողությունը, մտավորականությունը, ձեռներեցները և դերասանները` բոլորը հայտնվել են բարիկադների մի կողմում՚, - նշել է նա:
Էսկինի կարծիքով, առայժմ Էրդողանը տանուլ է տալիս, բողոքների յուրաքանչյուր նոր օր նոր մարդկանց ներհոս է և իշխանության երբեմնի ամուր դիրքերի սասանում: ՙՀարկ է նշել, որ ներկա պահին առկա է նաև բախումների ռազմական տարբերակ, առավել ևս, որ նախկինում Թուրքիայում այդպես պատահել է: Եթե ոստիկանությունը դաժանություն դրսևորի, և անկարգությունների զոհերի թիվն էապես ավելանա, ապա մենք կարող ենք ակնկալել նոր զինվորական հեղաշրջում՚, - կարծում է նա:
Էսկինը միևնույն ժամանակ կարծում է, որ Բոսֆորի ափի իրադարձություններին արտաքին ուժերի միջամտությունն այս փուլում անիրատեսական է, հենց նույն արտաքին ուժերը չկարողացան դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա, իսրայելցի փորձագետի կարծիքով, հուզումները Թուրքիայում կարող են դադարեցնել Բաշար Ասադի նկատմամբ միջազգային ճնշումը, քանի որ տվյալ դեպքում բոլորի ուշադրությունը սևեռված է արդեն Թուրքիայի վրա, և Ասադը կարող է այդ դադարն օգտագործել իր դիրքերն ամրապնդելու համար:
ՙԸստ էության, Թուրքիայում սկսվել է մերձավորարևելյան աշուն: Դա արաբական գարուն է` մինուսի նշանով: Դրա հետ մեկտեղ կարելի է ասել, որ տվյալ փուլում այդ հուզումները ոչ մի վտանգ չեն ներկայացնում հարևանների համար՚, - ամփոփել է Էսկինը: