Անկախ Բաքվի ցանկություններից և իղձերից` Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է, որն այլընտրանք չունի: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու՚ մտադրության մասին` ՙներառյալ Լեռնային Ղարաբաղը և, նույնիսկ, Հայաստանը՚:
ՙՈրքան շուտ Ադրբեջանը հաշտվի Լեռնային Ղարաբաղի անկախության փաստի հետ, այնքան ավելի լավ նրա համար, այնքան ավելի արագ տեղի կունենա Բաքվի ադապտացումը կայացած իրողություններին՚, - նշել է Շարմազանովը:
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե ՙժամանակակից Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի մի մասն է՚, փոխխոսնակն ԱՀ նախագահին խորհուրդ է տվել ծանոթանալ Ստրաբոնի, Պլուտարքոսի և Պտղոմեոսի պատմական գործերին. ՙԿարծում եմ` այն ժամանակ Ադրբեջանի նախագահն իր խոսքում թույլ չի տա նման տհաճ պատմական անճշտություններ, որոնք հարիր չեն պետության առաջին դեմքին՚:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակի պատվին զինվորական շքերթի ժամանակ իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր.
ՙԼեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև ժամանակակից Հայաստանի տարածքը, որն ստեղծվել է Իրևանի խանության հողերում, Ադրբեջանի պատմական հողեր են: Ես չեմ կասկածում, որ հակամարտությունը կգտնի իր արդար լուծումը, և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի և Խանքենդի վրա՚, -հավաստիացրել էր Ալիևը: