2012 թվականին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժինը 40 քրեական դարձած գործերի վարույթ է իրականացրել, իսկ ընթացիկ տարչա անցած ժամանակահատվածում արդեն 22 քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ապրիլի 15-ին մամուլի ասուլիսում հաղորդել է վերը նշված բաժնի ավագ մասնագետ, ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյանը:
Մրևնույն ժամանակ, նրա տվյալներով, վերջին տարիներին կրճատվել են համակարգչային տեխնիկայի և ինտերնետի միջոցով ապօրինի տնտեսավարական գործունեության տեսքով կիբեռհանցագործությունների դեպքերը:
Ոստիկանի տվյալներով, եթե իրական կյանքում դրամաշորթության դեպքերը Հայաստանում տարածված չեն, ապա համակարգչային տեխնոլոգիայի կիրառմամբ նման հանցագործությունները հաճախակի են դարձել: Օրինակ, 2012 թվականին ՙՕդնոկլասնիկի՚ սոցցանցի ոմն օգտատեր կեղծ անկետայի միջոցով կապվել է ոմն քաղաքացուհու հետ և նրանից պահանջել 250 հազար դրամ` սպառնալով նրան վարկաբեկող տեղեկատվություն տարածել: Պարզվել է, որ օգտատերը հանցագործության պահին պատիժ էր կրում քրեակատարողական հաստատությունում, իսկ ավելի վաղ դրամաշորթություն էր իրականացրել մի քանի անձանց նկատմամբ: Հայտնաբերվել է նաև նույն ցանցի 50 օգտատերերի անունները և ծածկագրերը գողանալու և նրանց կեղծ էջեր ստեղծելու դեպք:
Յաշչյանը նշել է, որ կիբեռյուրացումներ կատարելիս հանցագործներն օգտագործում են բիզնես-գործընկերների էլեկտրոնային նամակագրության ալիքակալման եղանակը` փոխելով բանկային ռեկվիզիտներն ու հաշիվ-ապրանքագրերն այնպես, որ միջոցները փոխանցվեն հանցագործներին: Նման դեպքերից մեկում զոհին հասցվել է 134 հազար դոլարի վնաս: Անցած տարի բաժնի արձանագրած 5-6 կիբեռյուրացումների միջազգային շղթան ներառել է Չինաստանը, Ճապոնիան և այլ երկրներ: Կիբեռյուրացումների զոհ են դարձել նաև օտարերկրյա էլեկտրոնային խանութների հաճախորդ ֆիզիկական անձինք, որոնք չեն ստացել պատվիրված ապրանքը, որի դիմաց վճարել են, սակայն այդ դեպքերում բաժնի աշխատակիցներին չի հաջողվել պարզել, թե արդյոք վաճառողն է խարդախություն կատարել, թե մեկ ուրիշն է միջամտել վերը նշված սխեմայով:
Կիբեռոստիկանը հաղորդել է, որ միջազգային կիբեռհանցագործությունների բացահայտմանը մասնակցելու նպատակով բաժնի կազմում գործում է ՙՄեծ ությակի՚ և Կիբեռհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիայի 24/7 ազգային շփման կետ: Յաշչյանի ասելով, բաժինն 99 տոկոսով զբաղվում է այնպիսի գործերով, որոնցում գոյություն ունի միջազգային հետք: Նա խորհուրդ է տվել օգտվել HTTPS (Hypertext Transfer Protocol Secure արձանագրությունը կիրառող պաշտպանված ինտերնետային ռեսուրսներից` հետևանքներից խուսափելու նպատակով, ոչ ոքի տեղեկատվություն չտրամադրել վարկային քարտի վերաբերյալ, օգտագործել բարդ ծածկագրեր, զգուշանալ ֆիշինգ-կայքերից և համակարգչի վարակումից: