Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իր ֆյսբուքյան էջում հայտարարությւոն է տեղադրել Հայաստանում Մայդանի հետ համերաշխության կոմիտե ստեղծելու մասին:
«Ուկրաինայում ծավալվող գործընթացները էական ազդեցություն են ունենալու հետխորհրդային երկրների ապագայի, հատկապես ԵՄ «Արեւելյան գործընկերության» մասնակից պետությունների, ինչպես նաեւ համաեւրոպական անվտանգության եւ եւրոպական արժեքների հաստատման վրա: Մայդանի ակտիվիստներն ու բարիկադները պաշտպանում են նաեւ մեր հասարակության ձգտումը դեպի լիարժեք անկախ պետականություն եւ ժողովրդավարություն: Քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ելած Հայաստանի քաղաքացիները նույնպես գնդակահարվեցին 2008 թվականի մարտի 1-ին: Համաժողովրդական շարժումը ճնշելու նպատակով իշխանությունները ներգրավեցին ոչ միայն ոստիկանությունը, այլեւ բանակը, դիպուկահարների ու զինվորական համազգեստ հագած քրեական տարրը: Պաշտոնական տվյալներով այդ օրը Երեւանի կենտրոնում սպանվեց 10 քաղաքացի ու մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության: Ուկրաինացիների ազատ կամարտահայտումը խեղդելու գործընթացը հստակ ուրվագծում է կառավարման եւ Լուբյանկայում հղկված նույն ձեռագիրը. իրավապահ մարմինները եւ հատուկ ջոկատայինները սադրիչների ու քրեական տարրի հետ համատեղ կազմակերպում եւ իրականացնում են զանգվածային անօրինականություններ, ծանր հանցագործություններ»,-ասված է հայտարարության մեջ:
«Մենք, ներքոստորագրյալներս, արտահայտելով մեր համերաշխությունն ու զորակցությունը Ուկրաինայի արժանապատիվ քաղաքացներին, որոնք պայքարում են ոչ միայն իրենց, այլեւ մեր Ազատության համար, հիմնում ենք Մայդանի հետ համերաշխության կոմիտե: Կոմիտեի խնդիրներն են. Մայդանին ցուցաբերել քաղաքական ու բարոյական աջակցություն, մեր հասարակության եւ արտերկրում ապրող հայերի շրջանում տարածել ճշմարիտ եւ հավաստի տեղեկատվություն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչը հատկապես կարեւոր է կեղծիքի եւ այլատյածության վրա հիմնված ռուսական լրատվամիջոցների կողմից իրականացվող լայնածավալ քարոզչության պայմաններում»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությնա ներքո ստորագրել են` Առուստամյան Գայանե, Երևան, Աֆրիկյան Կարինե- Լոս Անջելես, Բարսեղյան Լևոն- Գյումրի, Գաբրելյան Հեղինե- Փարիզ, Եղիազարյան Բորիս-Կիև, Մեհրաբյան Ռուբեն- Երեւան, Մկրտչյան Մուշեղ - Բրյուսել, Նավասարդյան Բորիս- Երևան, Հովհաննեսյան Զարուհի- Երևան, Հովսեփյան Ռուդիկ- Լոս Անջելես, Սաքունց Արթուր- Վանաձոր, Շահնազարյան Դավիթ- Երևան: