Նախօրեին
կայացել է Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկներ» ֆիլմի երևանյան
պրեմիերան, որը հավակնում է Հայաստանի ազգային կինոմրցանակի` «Լավագույն ֆիլմ,
«Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն օպերատոր», «Լավագույն
սցենար» և «Լավագույն նկարիչ» անվանակարգերում:
Ըստ սյուժեի` երիտասարդները հավաքվում են ամառանոցում`
նշելու իրենց ընկերոջ ԱՄՆ մեկնումը, սակայն իրադարձությունների անսպասելի
շրջադարձը հանգեցնում է ողբերգության: Ֆիլմում նկարահանվել են Նարեկ Ներսիսյանը,
Նարեկ Կտոյանը, Կարեն Խոսրովյանը, Դավիթ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանիելյանը, Արթուր
Ղալումյանը, Հակոբ Մանուկյանը, Րաֆֆի Էլիոտը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ֆիլմի
ռեժիսոր Արեգ Ազատյանը, ֆիլմի հիմքում ընկած են իրական իրադարձություններ: Սակայն,
ի տարբերություն ֆիլմի, կյանքում պատմության ավարտն այդքան ողբերգական չէ: Նրա
ասելով, «Ռոմանտիկները» կարևոր ուղերձ է ներառում: «Մենք ցանկացել ենք ժամանակակից
երիտասարդությանը պատկերել այնպես, ինչպիսին կա, և ձգտել ենք դա անել
առավելագույնս անկեղծ: Յուրաքանչյուրն ունի իր գաղտնի ցանկությունները,
բարդույթները, որոնք թաքնված են շրջապատից, սակայն դրանցից անհրաժեշտ է
ձերբազատվել: Հնարավոր է` ֆիլմում այդ ամենը չափազանց սուր է ներկայացված, սակայն
դա հատուկ է արվել: Թող որ ֆիլմը մռայլ է, բայց չէ որ միշտ չէ, որ պետք է
կատակերգություններ լինեն», - նշել է նա:
Անդրադառնալով Հայաստանի ազգային կինոմրցանակին`
Ազատյանը խոստովանել է, որ կցանկանար պարգև ստանալ «Լավագույն ֆիլմ»
անվանակարգում: «Մեզ համար գլխավորն արդեն այն է, որ փորձագետները հետաքրքրվել են «Ռոմանտիկներով» և
արժանացրել դրական գնահատականների: Իհարկե, կցանկանայինք մրցանակ ստանալ
«Լավագույն ֆիլմի» համար, սակայն որոշողը ես չեմ», - ասել է ռեժիսորը:
«Ռոմանտիկների» համաշխարհային պրեմիերան կայացել էր
անցյալ տարի Շվեդիայում` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի շրջանկում: Ժապավենը
նախատեսվում է ներկայացնել տարբեր եվրոպական կինոփառատոններում: