Մեծ Բրիտանիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և սպասում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների փարիզյան հանդիպմանը, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը`մեկնաբանելով ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական դիվերսիաների հարցը:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարի 24-ին:
ՙՄենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, տեղեկացված ենք շփման գծում միջադեպի մասին և ցավակցություն ենք հայտնում զինվորի մահվան առնչությամբ՚,- նշել է դեսպանը: Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան ուշադրությամբ հետևում է բանակցային գործընթացին:
Էյվսը հույս է հայտնել նաև 2014 թ. հաջող կլինի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման առումով: ՙՄենք կփորձենք վերաձևակերպել Եվրամիության շրջանակներում հայ-բրիտանական հարաբերությունները և կշարունակենք աջակցել երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին՚,- նշել է դեսպանը: