Չարժե խուճապի մատնվել Հայաստանի գյուղերի գնդակոծության
առնչությամբ, Հայաստանի զինված ուժերը վերահսկում են իրավիճակն առաջնագծում: Այդ
մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի
քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը հունիսի
27-ի ուշ երեկոյան հերթական անգամ գնդակոծել են Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի ասելով, հունիսի 27-ին,
ժամը 22։30-ին մոտ ադրբեջանական կողմը կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել, ինչից հետո սկսել է գնդակոծել խոշոր տրամաչափի զենքից` մինչև 1:30-ը: Գնդակոծության հետևանքով
վնասվել է գյուղի գազատարը, տուժել են նաև տները, գյուղացիների գույքը, տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել, որը գյուղացիներին դժվարությամբ հաջողվել է մարել: Այդինյանը նշել է, որ ներկայում ճշտվում է գյուղին հասցված նյութական վնասի չափը: Զոհեր և վիրավորներ չկան:
Հովհաննիսյանի
կարծիքով, թեև այս անգամ հակառակորդի կրակն առանձնանում էր որոշ ինտենսիվությամբ,
այդուհանդերձ, հարկ չկա խոսել այն մաիսն, թե հակառակորդը պատրաստվում է ծավալուն
ռազմական գործողությունների: Մեկնաբանելով այն լուրերը, որ հակառակորդը կիրառել է
հրետանի, ՊՆ մամուլի քարտուղարը հաղորդել է, որ գնդակոծության ենթարկված տարածքի
զննման ժամանակ արկի բեկորներ չեն հայտնաբերվել: «Իրականում, գնդակոծությունն
իրականացվել է խոշոր տրամաչափի գնդացիրներից, օրինակ` ԴՇԿ-ից: Ես չեմ կարող ասել,
թե ինչով է պայմանավորված ադրբեջանական ԶՈՒ ակտիվացումն այդ ուղղությամբ,
այդուհանդերձ, չկա որևէ գործոն, որը հանգեցնի այն մտքին, թե հակառակորդը ցանկանում
է մարտական գործողություններ սկսել», - հավելել է Հովհաննիսյանը: