Ադրբեջանն առաջին անգամ չէ աղավաղում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքները, հուլիսի 15-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը`մեկնաբանելով Բաքվի այն հայտարարությունը, թե Վիեննայում միջնորդների հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի բանակցությունները միայն այն բանից հետո, երբ Հայաստանը հեռանա ՙօկուպացված տարածքներից՚:
ՀՀ արտգործնախարարի խոսքով, նման հարցադրում թե’ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, թե’ համանախագահների ներկայությամբ, չի եղել: Ըստ որում, նա ավելացրել է, որ Ադրբեջանն այս անգամ ևս կիրառել է իր սովորական մարտավորությունը և աղավաղել հանդիպման էությունը: ՙՎիեննայում հանդիպմանը շարունակվել է խոսակցությունը, թե ինչպես առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվել է առաջիկա ամիսներին հանդիպումների ժամանակացույցը, այդ թվում`մինչև ընթացիկ տարվա վերջը բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Ներկայումս կա նման հանդիպման անհրաժեշտության ըմբռնում՚,- ասել է նա: