«Դուրս մեր գրպաններից» քաղաքացիական նախաձեռնությունն ավտոերթ է կազմակերպել Երևանի Բրազիլիայի հրապարակից, պահանջելով վերացնել մայրաքաղաքի վճարովի կայանատեղերը և հինգ անգամ կրճատել երթևեկության կանոնների համար տուգանքները, ինչպես նաև չեղյալ հայտարարել մինչ օրս նշանակված բոլոր տուգանքները` մինչև նոր սակագների ընդունումը:
Մինչև ավտոերթի մեկնարկը Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը հայտարարել է, թե ակցիան արտոնված չէ, և երթևեկության կանոնների ցանկացած խախտման համար կնշանակվեն տուգանքներ: Ի պատասխան` ակցիայի կազմակերպիչները վկայակոչել են զանգվածային ակցիաների մասին օրենքը, նշելով, որ փաստաթղթում չկա դրույթ, որը նախատեսում է թույլտվություն բողոքի զանգվածային ակցիա կազմակերպելու համար:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փակել են այն փողոցները, որոնցով պետք է անցներ ավտոերթը, պատճառաբանելով, թե այդ փողոցներում ավտոերթի առնչությամբ կարող են առաջանալ խցանումներ: Ի պատասխան` ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ Ոստիկանությունը խոչընդոտում է իրենց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի իրացմանը:
Այդուհանդերձ, Ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել ակցիայի երկու մասնակիցների: Մյուս մասնակիցները պառկել են ոստիկանական մեքենաների առջև` դա թույլ չտալու համար: Իսկ Ոստիկանության աշխատակիցներն սպառնում են տարհանել մեքենաները: