Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներն արդեն ներկայացրել են իրենց դիրքորոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների առնչությամբ, և այդ հարցին վերադառնալու անհրաժեշտություն չկա: Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
ՙՄենք մեր տեսակետն արտահայտել ենք, դա արել եմ նաև ես` որպես կուսակցության մամուլի քարտուղար, վարչապետը, ինչպես նաև կուսակցության առանձին անդամներ: ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը ևս ներկայացրել է պետության ղեկավարի տեսակետը: Այդ պատճառով կրկին այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում՚,-ընդգծել է փոխխոսնակը:
Անդրադառնալով սահմանին լարվածությանը, մասնավորապես` ադրբեջանական զինված սադրանքների ակտիվացմանը և հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքերին` Շարմազանովը նշել է, որ կառավարության նիստում պաշտպանության նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակը: Փոխխոսնակն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը և ցանկացած դիվերսիայի ու զինված միջամտության անթույլատրելիությունը: