Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը
լիովին վերահսկվում է Հայաստանի զինված ուժերի կողմից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի
քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ», -
գրել է Հովհաննիսյանը` քաղաքացիներին կոչ անելով խուճապի չմատնվել: «Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ», - կոչ
է արել Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտմամ արդյունքում հակառակորդի գնդակներից, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է երկու հայ զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, զոհերի թիվը
հասել է հինգի: Միջադեպի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարություն է
կանչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ավելացնենք
նաև, որ նախօրեին ԱրմԻնֆո գործակալության խմբագրությունն ահազանգ է ստացել Երասխ
գյուղի բնակիչներից, որոնք տեղեկացրել են, թե գյուղի սահմանամերձ գոտու
բնակիչներին տարհանում են: Սակայն այդ տեղեկատվությունը հերքել են ինչպես
Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ գյուղական վարչակազմում: