Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երթուղային գծերի սեփականատեր են: Այդ մասին հուլիսի 24-ին Մաշտոցի պուրակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:
Նրա ասելով, վերը նշված մարդկանցով չի սահմանափակվկում երթուղային գծերի հայտնի սեփականատերերի ցուցակը: ՙԿառավարող ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը` որդիների հետ, ՀՖՖ ղեկավար, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը, ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ) նույնպես գծերի սեփականատերեր են և, համապատասխաանաբար` հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման նախաձեռնողներ՚, - նշել է նա:
Ակտիվիստը նաև ընդգծել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արձակուրդները չեն կարող որևէ նշանակություն ունենալ կամ անդրադառնալ շարժման հետագա գործողությունների վրա, քանի որ խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ` սոցիալական: ՙՄեր հարցն առնչվում է ոչ թե խորհրդարանին կամ նախագահականին, այլ` քաղաքապետարանին: Քաղաքապետն իրավասու է և պարտավոր է լուծել այս հարցը՚, - նկատել է Գրիգորյանը: Նա ընդսմին ավելացրել է, որ որոշ կուսակցություններ արդեն արձագանքել են Երևանում ընթացող ակցիաներին, քանի որ քաղաքապետարանի որոշումը համարում են ապօրինի: