Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում սկսվում է
ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների գործով դատավարությունը:
Դատը
կկայանա Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանում՝ Անատոլի Թադևոսյանի
նախագահությամբ, իսկ փաստաբան Արկադի Իսրայելյանը կպաշտպանի ամբաստանյալների
շահերը:
ԼՂՀ ոստիկանության տվյալով՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը
(1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաև սպանված երրորդ
մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք և զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին
ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և ներխուժել Հանրապետության
Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:
Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել և
լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ
հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի
մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և
Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը
հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային
ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին
(1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ
Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված
դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ և վնասազերծվել: Շահբազ
Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը կալանավորված են:
Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով`
լրտեսություն, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց
պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական
սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ
հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք
կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը,
կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ,
անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական
օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ
կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի
կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով,
103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի
կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:
Նույն քրգործով մեղադրյալ Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ
քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսություն, ԼՂՀ քրեական օրենսգրքի
350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը,
ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից
ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին
կետով` մարդուն բացահայտ առեւանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն
գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված
խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ
կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առեւանգելով, կազմակերպված խմբի
կողմից, ազգային ատելության շարժառիթով: