Առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի
արդիականացման և նոր սպառազինությամբ համալրման նպատակով պլանավորվում է ռուսական
կողմին ժամանակավոր օգտագործման համար տրամադրել
ՀՀ ԶՈՒ-ի կողմից չօգտագործվող մի շարք տարբեր նշանակության տարածքներ
(ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և
վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ): Այդ
մասին ասվում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն
Հովհաննիսյանի նոյեմբերի 22-ին հրապարակած հայտարարությունում, որում նա
պարզաբանում է ներկայացրել ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ:
«Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով
փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող
տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և
ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները», - նշել
է Հովհաննիսյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը
տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ: «Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ
մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի Հանրապետության
անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ
պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը», - նշել
է ՊՆ մամուլի քարտուղարը:
ՀՀ կառավարությունը
հոկտեմբերի 21-ի նիստում ստորագրման հավանություն է տվել
հենց այդ նպատակով պատրաստված համաձայնագրի նախագծին: