Հայ-ադրբեջանական շփման
գծում լայնածավալ ռազմական սադրանքը կազմակերպվել է Մոսկվայի կողմից, որպեսզի
Ադրբեջանին ստիպեն առանց այլընտրանքի անդամակցել Մաքսային միությանը: ԱրմԻնֆո
գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ
Ալիզադեն:
«Այդ սադրանքից հետո, որը
հակամարտող երկու կողմերում մեծ կորուստների պատճառ դարձավ, Վլադիմիր Պուտինը
շատերի համար անսպասելի կազմակերպեց Սոչիի եռակողմ հանդիպումը: Հենց այտեղ նա
փորձեց Իլհամ Ալիևի նկատմամբ ճնշում գործադրել: Ստիպել Ադրբեջանին մասնակցել իր
նախաձեռնած նախագծերին: Սակայն մեր բավականին լավ զինված բանակն ի զորու է զսպել
ցանկացած սադրանք: Հենց այդ պատճառով դրանք անհաջողության մատնվեցին, իսկ
Ադրբեջանի նախագահը չգնաց ՄՄ-ին կամ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության շուրջ
համաձայնության», - նշել է նա:
Ալիզադեի համոզմամբ, եթե
Բաքուն համաձայներ անդամակղցել ՄՄ-ին, ապա արդեն Սոչիում կողմերը կհայտարարեին մի
քանի ադրբեջանական շրջանների ազատման մասին, որտեղ կտեղակայվեին ռուսական
խաղաղապահներ: Հակառակ դեպքում, Մոսկվան կհրաժարվեր մասնակցել նման գործարքի:
Սակայն Ալիևի մերժումից հետո Սոչիի
հանդիպումն ավարտվեց ձախողմամբ: Մոսկվայի միակ հաջողությունը դարձավ Ռուսաստան
սննդամթերք մատակարարելու Բաքվի համաձայնությունը` արևմտյան մատակարարումներից ՌԴ
հրաժարվելու ֆոնին:
Սոչիում
Սարգսյան-Պուտին-Ալիև բանակցությունները պսակվեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ
Լավրովի հայտարարությամբ, որի համաձայն, նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը
պատրաստակամություն են հայտնել շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ
կարգավորման շուրջ երկխոսությունը` նաև Սոչիի եռակողմ հանդիպումից հետո: