Ապրիլի 9-ին, Հայաստանում երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը կհայտարարվի նախագահ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքների ալիքը կմարի: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՙԿովկաս՚ ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա ասելով, Հայաստանի իշխանությունները Հովհաննիսյանին լուրջ զիջումների չեն գնա, քանի որ դրա համար շարժառիթներ չկան, հետևաբար, իրավիճակն էապես չի փոխվի: ՙՀայաստանում ՙընդդիմություն՚ հասկացությունը փլատակներում է, և առաջիկայում չի հաջողվի գործուն ընդդիմություն ձևավորել այն բանից, ինչ կա՚, - հավաստիացրել է Իսկանդարյանը, նկատելով, թե հաշվի առնելով ասվածը, կառավարող ՀՀԿ այսուհետև էլ իրեն անկաշկանդ կզգա:
Ինչպես նշել է փորձագետը, ՀՀԿ հաղթանակը նախագահական ընտրություններում նշանավորվել է մի քանի փուլով. առաջինը` հաջողություն խորհրդարանական ընտրություններում, երբ կուսակցությունը ցուցադրեց իր ՙմկանները՚, երկրորդը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուրս մղումը նախագահական մրցարշավից, դե իսկ երրորդը` փետրվարի 18-ի հաղթանակը:
Ընդ որում նա ընդգծել է, որ երկրորդ տեղն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես լավ արդյունք է ցույց տվել, սակայն նրա օգտին տրված ձայները նրանը չէին: Փորձագետի ասելով, Հովհաննիսյանի օգտին քվեարկել է ողջ բողոքավոր ընտրազանգվածը, քանի որ նախագահի պաշտոնի մյուս ծանրակշիռ թեկնածուներն ընտրություններին չեն մասնակցել: