Հնարավոր է, Հայաստանը և Եվրամիությունը մոտ ժամանակներս ստորագրեն համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, որը չի հակասի Մաքսային միությանը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:
ՙԵՄ-ն միշտ ցանկացել և ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ, եվրոպացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ԵվրԱզԷՍ-ը չի հակասում ՀՀ եվրոպական ինտեգրմանը, սակայն Մաքսային միությունը ու Խորը և համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրն անհամատեղելի են, հետևաբար`կարող է գտնվել փոխգործակցության նոր ձևաչափ՚,- հայտարարել է նա: Վերլուծաբանը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները, թաքցնելով Մաքսային միությանն անդամակցելու իրենց մտադրությունը, հերթական անգամ կորցրել են ժողովրդի վստահությունը:
Փորձագետը նաև վերլուծել է Հայաստանի քաղաքական ուժերի հայտարարությունները և հանգել եզրակացության, որ բոլոր ուժերի համար, այդ թվում`Հայաստանի հանրապետական կուսակցության, Մաքսային միությանն անդամակցելու որոշումն անսպասելի է եղել: Նա չի բացառել ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի անցկացման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը: Սակայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:
Մաքսային միությունն ստեղծվել է ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում` որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև, որը նախատեսում է միասնական մաքսային տարածություն: Ընդ որում մաքսային միության մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին և երրորդ երկրների հետ առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: