Ղարաբաղյան հակամարտության գոտում նոր իրողության առաջացման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա, լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ՙՄինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը: Ուղեկից վնաս ասելով նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, և իհարկե` բանակցային գործընթացի խափանման և հրադադարի ամրապնդման ուղված ջանքերի չեղարկման վտանգը: Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները և առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար՚,-հայտարարել է Տոնոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24ե ուղղաթիռը, որրում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: