Հայաստանում ոչ թափանցիկ ընտրությունների արդյունքում ընտրված
իշխանությունը հաշվետու չէ հասարակությանը: Այդ մասին ասվում է Transparency
International հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցում, որն այսօր ներկայացրել է
կազմակերպության տնօրեն Վարուժան Օկտանյանը:
Նա տեղեկացրել է, որ կենտրոնն անցկացրել է Հայաստանի
ազգային ամբողջականության համակարգի երկրորդ հետազոտությունը: Ազգային
ամբողջականության համակարգը նախագահի ինստիտուտի, գործադիր, օրենսդիր և դատական
իշխանության, օմբուդսմենի ինստիտուտի, քաղաքական կուսակցությունների, տեղական
ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական
հասարակության և ԶԼՄ-ների աշխատանքի արդյունավետության չափանիշն է: 2009-2013 թթ. անցկացված
հետազոտության նպատակն էր պարզել, թե նշված ինստիտուտների գործունեությունը
որքանով է նպատակաուղղված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, գործնականում
որքանով է կիրառվում գոյություն ունեցող օրենսդրությունը: Օկտանյանը նշել է, որ
ազգային ամբողջականության համակարգի գնահատման վերջնական արդյունքները
կհրապարակվեն տարեվերջին: Իսկ նախնական արդյունքները ցույց են տալիս, որ
Հայաստանում այդ համակարգը թույլ է, և դա պայմանավորված է, առաջին հերթին, երկրում
օրենքների անբավարար կիրառմամբ: Օկտանյանի ասելով, Հայաստանում նաև տեղի է
ունենում բարեփոխումների իմիտացիա, և առկա է բոլոր վերը նշված ինստիտուտների
անկախության բավականին ցածր մակարդակ: Transparency International-ի տնօրենի համոզմամբ, նման անմխիթար արդյունքների
պատճառը հասարակության առջև իշխանության հաշվետվության ցածր մակարդակն է, ինչը
պայմանավորված անարդար ընտրություններով: «Ազգային ամբողջականության համակարգի վրա
ազդում է նաև Հայաստանի չափազանց թույլ տնտեսությունը և, ինչը շատ կարևոր է, տնտեսական
և քաղաքական մրցակցության բացակայությունը», - ասել է Transparency
International-իկ տնօրենը: