Պետական աջակցությամբ Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրված դիզելային վառելիքի ոչ նպատակային օգտագործման գործով ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Ըստ Հատուկ քննչական ծառայության, Վիրաբյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար` նախատեսված ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նշենք, որ այդ գործի շրջանակներում արծարծվում է նաև խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի անունը, ով, Արարատի մարզում ստուգումների արդյունքների վերաբերյալ Ֆինանսների նախարարության վերահսկիչ տեսչության հաշվետվության համաձայն, արտոնյալ գներով 48 հազար լիտր դիզելային վառելիք է ստացել, որը պետության կողմից նախատեսված էր սոցիալապես անապահով գյողաբնակների համար:
Երկրի քաղաքական շրջանակներում տարածված վարկածի համաձայն, Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ գործը վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանն էր կառավարության հասցեին Հովիկ Աբրահամյանի քննադատությանը Վերահսկիչ պալատի հաշվետվության հրապարակումից հետո, որում խոսք է գնում կառավարական կառույցներում պետական միջոցների լայնածավալ յուրացումների մասին:
Այդուհանդերձ, ՀՀԿ մոտ աղբյուրների համաձայն, ՀՀ գործադիր մարմնի նիստի ժամանակ նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյանին ՙհանդիմանել է՚ այն բանի համար, որ վերջինս ֆինանսական տեսուչների է ՙուղարկել Աբրահամյանների ընտանիք՚: Աղբյուրներրի համաձայն, նախագահին դուր չի եկել այն, որ կառավարող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները բացահայտ միմյանց քննադատում են, մեկը մյուսի մոտ պետական տեսուչների են ուղարկում: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը ՙնախատել էր՚ խորհրդարանական մեծամասնությանը, մասնավորապես, խորհրդարանի ղեկավարությանը ՎՊ հաշվետվության ժամանակ նրանց վարքագծի առնչությամբ: Նշենք, որ ՎՊ հաշվետվությունից հետո Հովիկ Աբրահամյանը սուր քննադատության էր ենթարկել կառավարական կառույցների գործունեությունը` պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման համար: Ինչից հետո Ֆինանսների նախարարության տեսչությունը հրապարակել էր Աբրահամյանի ընտանիքի կողմից արտոնյալ գներով դիզելային վառելիք ստանալու վերաբերյալ տվյալները:
Նշենք, որ, չնայած բարձրաստիճան հանրապետականների այն հավաստիացումներին, որ կուսակցության ներսում տարաձայնություններ չկան, վարկաբեկիչ նյութերի պատերազմը բարձրաստիճան հանրապետականների շրջանում շարունակվում է: Այսպես, ՙԺողովուրդ՚ թերթն այսօր անդրադարձել է կառավարության կողմից ՙՇանհայ-2012՚ ցուցահանդեսի կազմակերպման համար տրամադրված 2 մլն դոլարի ոչ նպատակային օգտագործման թեմային: Հիշեցնենք, որ Չինաստանում դեսպան է վաչապետ Տիգրան Սարգսյնի եղբայրը: Թերթի համաձայն, այն դեպքում, երբ պետբյուջեի միջոցները մշտապես չեն բավականացնում հրատապ սոցիալական խնդիրները լուծելու համար, տարբեր ցուցահանդեսներ կազմակերպելու համար գտնվում են միջոցներ, որոնք հետագայւոմ փոշիանում են` ոչ ըստ նշանակության: Թերթը խոստանում է հաջորդ համարում որոշակի տվյալներ հրապարակել այդ միջոցների փոշիացման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վարչապետի անունը շոշափվում է նաև, այսպես կոչված, օֆշորային սկանդալում: Կիպրոսում իբր վարչապետի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք.ԿՃոյանի անուններով գրանցվել է օֆշորային ընկերություն, որը, ԶԼՄ-ների տեղեկություններով, դարձել է գործարար Փայլակ Հայրապետյանի հարկադրված սնանկացման արդյունքում ստացված միջոցների օգտառուն: Ի դեպ, Փայլակ Հայրապետյանին ՙքցել՚ է ԿՃոյանի սանիկը:
ՀՀԿ-ում ԱրմԻնֆոյի չեզոք աղբյուրների համաձայն, այժմ վարչապետ Տիգրան Սարգսյանի և խոսնակ Հովիկ Աբրահամյանի միջև ծավալվել է իսկական ՙպատերազմ՚, որն արժե դիտրակել 2018 թվականի նախագահական ընտրությունների պրիզմայով: Աղբյուրի համաձայն, Սարգսյանն ունի լուրջ նախագահական նկրտումներ: Սակայն Հովիկ Աբրահամյանի գլխավորած հանրապետական թևը ձգտում է այդ աթոռին տեսնել իր համար ավելի ընդունելի թեկնածուի: Աղբյուրի ասելով, հենց դրանով է պայմանավորված վարկաբեկիչ նյութերի պատերազմը և մերթ Սարգսյանի, մերթ Աբրահամյանի դեմ ՙփակ՚ տեղեկատվության մշտական նետումը ԶԼՄ-ներ: