ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի`կապված ՀԱԿ-ից պատգամավոր Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ: Ինչպես լրագրողներին հայտարարել է պատգամավոր, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, ոչ իշխանական ուժերին հաջողվել է նիստ գումարելու համար անհրաժեշտ 44 պատգամավորական ստորագրություն հավաքել:
Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել ՀՀԿ աղբյուրներից, հանրապետականները մտադիր են բոյկոտել խորհրդարանի նիստը: Այդ դեպքում իրենց ընդդիմախոսներին չի հաջողվի քվորում ապահովել նիստն անցկացնելու համար: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան շքամուտքի մոտ: ՀԱԿ ներկայացուցիչներն այդ միջադեպի համար մեղադրել էին իշխանություններին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները դեկտեմբերի 15-ին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արշակ Սվազյանին, ով ներկայումս արդեն ստորագրությամբ ազատ է արձակվել: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի նախկին վարորդն է: Սակայն, Մովսիսյանը հերքում է դա և հավաստիացնում, որ որևէ առնչություն չունի Մանուկյանի վրա հարձակման հետ: