Ապրիլի 13–ին ՙHetq.am՚-ը հոդված է հրապարակել, որում ներկայացրել է Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Նշենք, որ հայտարարագրերը ներառում են 2012 թ. մարտի 1-ից մինչեւ 2013 թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը:
Տարոն Մարգարյան, ՀՀԿ- Երեւանի գործող քաղաքապետն ունի 6 միավոր շենք եւ շինություն Երեւան քաղաքում, 1 շենք-շինություն Ջերմուկում, 3 միավոր հողին ամրացված այլ անշարժ գույք եւ մեկ միավոր հողամաս Դիլիջանում: Տարոն Մարգարյանն ունի 3 ավտոմեքենա` ՙՄերսեդես Բենց G500՚, ՙՌենջ-Ռովեր սուպեր չարչ՚ եւ ՙՄերսեդես S450՚ մակնիշի:
Երեւանի գործող քաղաքապետին է պատկանում նաեւ ՙԶեթ ընդ Զեթ՚ ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը: Ավագանու թեկնածուի միակ եկամուտը գոյացել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձից` մոտ 4 մլն 730 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 3-ի դրությամբ, Տարոն Մարգարյանն ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո:
Վարդան Օսկանյան, ԲՀԿ- նախկին արտգործնախարար, ներկայիս ԱԺ պատգամավորը, գլխավորում է ԲՀԿ-ի ավագանու ցուցակը: Նա հայտարարագրել է 2 անշարժ գույք. 200 քմ առանձնատուն ԱՄՆ-ում եւ 9000 քմ մակերեսով հողամաս Ծաղկաձոր քաղաքում: Ավագանու թեկնածուի եկամուտի միակ աղբյուրը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է` 300 հազար դրամ, իսկ ապրիլի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 150 հազար դոլար:
Վահագն Խաչատրյան, ՀԱԿ- Երեւանի նախկին քաղաքապետը հայտարարագրել է մեկ բնակարան եւ ավտոտնակ Երեւանում: Նա այլ անշարժ գույք չունի, ավտոմեքենա եւս չունի:
Նշված ժամանակահատվածում ավագանու թեկնածուն որեւէ եկամուտ չի ստացել, իսկ դրամական եկամուտները համեմատաբար համեստ են` 600 հազար դրամ եւ 1500 դոլար:
Արմեն Ռուստամյան, ՀՅԴ- Ավագանու թեկնածուն գործող պատգամավոր է: Նա ունի Երեւան քաղաքում մեկ բնակարան, իսկ ավտոմեքենա չունի: Արմեն Ռուստամյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած աշխատավարձից` 3 մլն 350 հազար դրամ եւ բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսներից` 150 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 15 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 2 հազար եվրո:
Արմեն Երիցյան, ՕԵԿ- Ավագանու այս թեկնածուն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն է: Նա հայտարարագրել է Երեւանում մեկ բնակարան եւ 2004 թ. արտադրության ՙՎռանգլեր-ՋԻՓ՚ մակնիշի ավտոմեքենա: Արմեն Երիցյանի եկամուտները գոյացել են մոտ 3 մլն 817 հազար դրամ նախարարական աշխատավարձից, ինչպես նաեւ ոստիկանությունից ստացած 3 մլն 401 հազար դրամ կենսաթոշակից: Ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 34 մլն դրամ:
Մեսրոպ Առաքելյան, ՙԱռաքելություն՚- Թեկնածուն 28 տարեկան է եւ դասախոսում է Երեւանի պետական համալսարանում: Նա Երեւանում ունի մեկ բնակելի տուն եւ մեկ հողամաս Կոտայքի մարզում: Մեսրոպ Առաքելյանի եկամուտը հիմնականում գոյացել է աշխատավարձից. 17 մլն 863 հազար 471 դրամ ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚-ից, իսկ մոտ 772 հազարը` ԵՊՀ-ից ստացած աշխատավարձից: Ավագանու թեկնածուին 375 հազար դրամի եկամուտ է բերել նաեւ բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսը: Ապրիլի 5-ի դրությամբ, Մ. Առաքելյանն ունեցել է 2 մլն դրամ եւ 48 հազար դոլար: Նա 50 տոկոս փայ ունի ՙՔոլլեքշն Աջենսի Գրուփ՚ ՍՊԸ-ում:
Արմեն Մարտիրոսյան, ՙԲարեւ Երեւան՚- Կուսակցությունների դաշինքը գլխավորող ավագանու թեկնածուն, ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության փոխնախագահն է: Արմեն Մարտիրոսյանը համասեփականության իրավունքով Երեւանում ունի մեկ բնակարան եւ միանձնյա սեփականության իրավունքով 0.084 հա հողամաս: Ավագանու թեկնածուն ունի 1996 թ. արտադրության ՙOpel Vectra B՚ մակնիշի ավտոմեքենա: Արմեն Մարտիոսյանը նշված ժամանակաշրջանում եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձի տեսքով. 1 մլն 208 հազար դրամը` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից, իսկ 741 հազարը` Ազգային ժողովից, երբ պատգամավոր էր: Մարտի 27-ի դրությամբ ավագանու թեկնածուն որեւէ դրամական միջոց չի ունեցել: