Ղարաբաղյան հակամարտությունը բեռ է տարածաշրջանի համար, հետևաբար շուտափույթ կարգավորման կարիք ունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` հոկտեմբերի 29-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, ընտրական գործընթացները Հայաստանում և Ադրբեջանում ավարտվել են, և արդեն կարելի է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններ ակնկալել: ՙԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են մոտեցումներ, փնտրում հակամարտության կարգավորման ուղիներ և հնարավորություններ, սակայն որոշումներ կայացնում են հակամարտող կողմերը՚, - ընդգծել է նա: Դեսպանը դժվարացել է նշել համանախագահների տարածաշրջան այցի ստույգ ժամկետ, սակայն նկատել է, որ նրանք տարածաշրջան են այցելում ընտրական գործընթացների ավարտից հետո:
Մեկնաբանելով բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության անհրաժեշտության մասին ԵԱՀԿ Մինսկի կխմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը` դեսպանը նշել է, որ համանախագահները մտածում և արտահայտվում են բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի վերադարձի անհրաժեշտության մասին, սակայն վերջնական որոշում պետք է կայացնեն բանակցող կողմերը` հարմար ժամանակ: