ԵԺԿ գագաթնաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը ԵԺԿ և ՙԺառանգություն՚ կուսակցության միջև սկանդալի առարկա է դարձել: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության քարտուղար Սետփան Սաֆայանը ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հարցազրույցում հայտարարել էր, որ կուսակցությունը դեռ չի քննարկել Վիեննայում Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընդլայնված գագաթնաժողովին մասնակցության հարցը:
Հունիսի 12-ին ԵԺԿ առաջնորդ Վիլֆրեդ Մարթենսի անունից նամակ է ստացվել, որում նա նշում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրված չէ մասնակցելու հունիսի 20-ին Վիեննայում մեկնարկող ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին, քանի որ ԵԺԿ գագաթնաժողովի հրավիրյալները քաղաքական ընտանիքին պատկանող կուսակցությունների ներկայացուցիչներ են, որոնք հանդիսանում են պետության կամ կառավարության ղեկավար: ՙՀայաստանի պարագայում նախագահ Սերժ Սարգսյանը նաև կառավարող կուսակցության առաջնորդն է: ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հավատարիմ գործընկերն է, և մենք լիովին վստահում ենք Սերժ Սարգսյանին՚, - ասվում է Մարթենսի նամակում:
Մարթենսի նամակը ՙԺառանգությունում՚ համարում են տարօրինակ և զվարճալի, քանի որ ԵԺԿ առաջնորդը խոսում է մի խնդրի մասին, որը կուսակցությունում չի էլ քննարկվել, և, ավելին, կուսակցությունից գագաթնաժողովին մասնակցության ոչ մի հայտ չի ներկայացվել: ՙՏվյալ դեպքում անհասկանալի է, թե ում և ինչին է պատասխանում ԵԺԿ ղեկավարը՚, - ասվում է ՙԺառանգության՚ հայտարարությունում:
Նրա ներկայացուցիչների կարծիքով, ԵԺԿ առաջնորդն, անշուշտ, ինքը պետք է որոշի, թե ով է մասնակցում գագաթնաժողովին, նա նույնիսկ իրավունք ունի հրավիրել նրանց, ովքեր կեղծում են ընտրությունները և գործում եվրոպական արժեքների հակառակ, ում սատարում է նաև ԵԺԿ: ՙՄեզ նաև չի թվում, թե ՙԺառանգությանը՚ հասցեագրված նամակը Սերժ Սարգսյանի նկատմամբ իրենց սերը ցուցադրելու լավագույն առիթն է: Հենց այդ հանգամանքը լավագույնս բացատրում է, թե ինչու ՙԺառանգությանը հասցեագրված՚ նամակը ուղարկվել է նաև ՀՀԿ և ՕԵԿ: ԵԺԿ առաջնորդին արժե մտածել այն մասին, թե ով է նրա համար այդպիսի անհեթեթ իրավիճակ ստեղծել և նրա անունն օգտագործում է ՀՀԿ առաջնորդի վարկանիշը բարձրացնելու համար՚, - ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարին ՙԺառանգությունը՚, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը անդամագրվել են ԵԺԿ-ին որպես դիտորդ: