Հայաստանի խնդիրները պետական կառավարման մոդելի մեջ չեն: Խնդիրն այն է, թե ինչպես է կառավարվում մեր երկիրը, ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ`ի պատասխան Քոչարյանի հարցազրույցում հնչած դիտարկումներին տված արձագանքներին:
ՙԸստ բովանդակության, այդ արձագանքները կարելի է բաժանել երկու խմբի.
1.Արձագանքներ, որոնք հանգում էին մտքին, թե սահմանադրական բարեփոխումներն այնուամենայնիվ հասարակության պահանջն է ու հասունացած անհրաժեշտություն, և այդտեղ է մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ կենսական խնդիրների լուծման բանալին:
2.Արձագանքներ, որոնք վերաբերում էին ոչ թե հարցազրուցի բովանդակությանը, այլ դրա ի հայտ գալու փաստին: Մասնավորապես, հնչեցին ուղղակի կամ անուղակի մեղադրանքներ առ այն, որ նախագահ Քոչարյանը մինչ իր տեսակետն արտահայտելը, պարտավոր էր հայտարարել մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին:
Հիմա դիտարկենք այդ արձագանքները առանձին-առանձին:
1.Եթե ծանոթանանք վերջին 4 տարվա ընթացքում տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասի-րություններին, ապա կտեսնենք, թե որ խնդիրներն են մեր քաղաքացիները համարում ամենահրատապը: Հարցին, թե «երկրի առջև ծառացած խնդիրներից որո՞նք եք այս պահին համարում ամենակարևորըե՝ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը տարեցտարի պատասխանում է`գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, ինֆլյացիան, ցածր աշխատավարձը և կենսաթոշակը, ինչպես նաև կոռուպցիան : Ահա խնդիրների այն շարքը, որոնց լուծմանը մարդիկ սպասում են /իմիջիայլոց, հարցվողներից ոչ մեկը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակի Սահմանադրությունը չի հիշատակել/: Մոլորություն է կարծելը, թե այդ խնդիրների լուծումը կախված է սահմանադրական բարեփոխումներից, և չինովնիկների դեկլարատիվ հայտարարությունները ոչ մեկին հակառակը չեն համոզի: Անգամ նախկին կառավարությունը, որ մշտապես օբյեկտիվ պատճառներ էր փնտրում բոլոր անհարթությունները բացատրելու համար, չէր փորձում արդարացնել դրանք Հիմնական Օրենքի անկատարությամբ:
2.Մեր մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն օր Facebook-ում ու Twitter-ում արտահայտում են իրենց կարծիքը բոլոր հնարավոր, այդ թվում նաև՝ քաղաքական հարցերի վերաբերյալ: Պնդումը, թե երկրի կենսական խնդիրների վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար նախ պիտի բարձրաձայնես քաղաքական նպատակներիդ մասին, այն էլ սոցիալական ցանցերի մեր դարում՝ ծանր դեպք է քաղաքավարության շրջանակներում բնութագրելու համար: Սահմանադրության 27-րդ հոդվածով էլ կարծես թե նման որևէ նախապայման չի ենթադրվում /սա ի գիտություն արդարադատության նախարարի պաշտոնակատարի/: Ավելին, այստեղ խոսքը գնում է մի մարդու կարծքի մասին, ով որոշիչ դեր է ունեցել ԼՂՀ պետականության կայացման գործում և տասը տարի հաջողությամբ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում: Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել՝ անկախ ապագայի իր ծրագրերից:
Վերջում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները: Նա համարում է /և այդ առիթով հրապարակավ արտահայտվում/, որ իմաստնաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ վարչապետական: Նայենք ԱՄՆ-ին ու Կանադային, կամ Ֆրանսիային ու Գերմա-նիային: Դրանք միանգամայն տարբեր պետական կառուցվածք ունեցող հարևան երկրներ են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նախագահական կամ խորհրդարանական հանրապետության մոդելը չի հաջողությունների ձեռքբերման վճռորոշ գործոնը: Հայաստանի խնդիրները պետական կառավարման մոդելի մեջ չեն: Խնդիրն այն է, թե ինչպես է կառավարվում մեր երկիրը՚, -ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2rd.am կայքին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: ՙԱռաջին հարցը, որ ծագում է իմ մեջ. արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել` ոչ՚, - հայտարարել էր Քոչարյանը: Նա ընդգծել էր, որ սահմանադրական բարեփոխումների անցկացման հարցում չկա նաեւ արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ: Դրանից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ եթե Քոչարյանն իրականում ձգտում է վերադառնալ քաղաքականությունը, պետք է հրապարակորեն ասի այդ մասին` վերջ դնելով նման գործելաոճին: