Սեպտեմբերի 2-ին «Երիտասարդություն» հասարակական
կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Խաղաղության, միասնության
և համերաշխության» երթ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել է կազմակերպության ղեկավար Գևորգ Մկրտչյանը:
Նրա խոսքով, երթը
ժամը 18:30-ին կմեկնարկի Ազատության հրապարակից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ
տեղի կունենա հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հերոսաբար զոհված հայ
զինծառայողների հիշատակին նվիրված պատարագ: «Երթը հնարավորություն կտա ևս մեկ
անգամ ցույց տալ, որ հայ ժողովուրդը կարող է միասնական ուժերով պայքարել ներքին և
արտաքին թշնամիների դեմ»,-ընդգծել է նա: Մկրտչյանը նաև նշել է, որ դրված են հայ
երիտասարդությանն ակտիվացնելու, ինչպես նաև հասարակության և բանակի միջև կապերն
ամրապնդելու հարցերը, դատապարտելով նաև
մարդկության դեմ կատարվող ոճիրները, որոնք տեղի են ունենում եզդիների և
քրիստոնեական եկեղեցիների հետ Իրաքում: «Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը չի
կարող լռել, երբ կոտորվում է մեկ այլ բարեկամ ժողովուրդ»,-ընդգծել է նա:
Մկրտչյանը նշել է, որ երթը տեղի է
ունենալու Պաշտպանության նախարարության նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաև
խաղաղապահ խմբի ներկայությամբ: «Կմասնակցեն նաև հասարակական հատվածի, պետական
կառույցների ներկայացուցիչներ, ՊՆ ներկայացված կլինի խաղաղապահների և նվագախմբի
մակարդակով, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին` երիտասարդական կազմակերպություններով:
Ընդ որում, պատարագը կանցկացնի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս
Նավազարդ Կճոյանը»,-նշել է նա:
Մկրտչյանը
Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է արել միանալ երթին և ներքին ու արտաքին
թշնամիներին ցույց տալ, որ չնայած տարբեր քաղաքական հայացքներին, անկախ սեռից ու
տարիքից, հայ ժողովուրդը կարող է միավորվել, երբ հարցը վերաբերվում է Հայաստանի և
Արցախի սահմանների անվտանգությանը: