Համաշխարհային հանրությունն սկսում է գիտակցել Ղարաբաղի ժողովրդի գործի արդարությունը, հանուն ազատության և անկախության նրա պայքարի իրավաչափությունը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով ԱՄՆ Լուիզիանայի նահանգի կողմից Արցախի ճանաչումը:
ՙԿարծում եմ, որ համաշխարհային հանրությունն աստիճանաբար սկսում է ճիշտ ընկալել ղարաբաղյան խնդրի էությունը: Իմ կարծիքով, հեռանկարում աշխարհի տարբեր երկրների հասարակություններ կսկսեն ճնշում գործադրել իրենց կառավարությունների նկատմամբ` պահանջելով ճանաչել ԼՂՀ: ԱՄՆ երեք և Ավստրալիայի մեկ նահանգների կողմից Արցախի ճանաչումն առիթ կդառնա մյուս պետությունների և վարչատարածքային կազմավորումների կողմից համանման քայլերի համար՚, - նշել է Մանոյանը:
Նա ընդսմին կարծում է, որ Լուիզիանայի նահանգի Սենատի կողմից Արցախի ճանաչումը ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման, նրա ռազմատենչ հռետորաբանության և պետական մակարդակով վարվող հայատյացության հետևանք է, այլև` ողջ հայության համակարգված ջանքերի արդյունք:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը հանդես է եկել բանաձևով, որում, մասնավորապես, ասվում է. ՙՍենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման և միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին և բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց՚:
Լուիզիանայի Սենատն ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության և միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են ԱՄՆ Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները: