ՎԶԵԲ-ը 9.3 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրում ՙՇեն Հոլդինգ՚-ին, որը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր և առաջատար արտադրողներից մեկը, ինչպես նաև գիպսի հանքի շահագործող և ՎԶԵԲ-ի վաղեմի հաճախորդ: Այդ մասին ասվում է ՎԶԵԲ հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկի միջոցները կօգտագործվեն՝ ֆինանսավորելու գիպսային շաղախներ արտադրող նոր գործարանի կառուցումը, որը կարտադրի որակյալ գիպսային շաղախներ էներգաարդյունավետության և մեկուսացման ավելի բարձր հատկանիշներով:
Բացի այդ, ընկերությունը կգնի մասնագիտացված տրանսպորտային միջոցներ, հանքարդյունահանման և օժանդակ սարքավորումներ, որոնք թույլ կտան մեծացնել արտադրության ծավալները՝ Հայաստանի և Վրաստանի շուկաներում պահանջարկը մատչելի և որակով արտադրանքով բավարարելու նպատակով: HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն նույնպես տրամադրում է զուգահեռ ֆինանսավորում` ՙՇեն Հոլդինգ՚-ի կողմից էներգախնայող սարքավորումներ ձեռք բերելու համար:
ՙՄասնավոր ընկերություններին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: ՙՇեն Հոլդինգը՚ մեր Բանկի վաղեմի գործընկերն է, որի հետ մենք համագործակցում ենք արդեն 10 տարի: Մենք ուրախ ենք աջակցել ընկերության նոր նախաձեռնությանը, որը նպաստելու է բարձր որակի արտադրանքի ընդլայնմանը՚, - ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
1995 թ. հիմնադրված ՙՇեն Հոլդինգը՚ դինամիկ աճ է գրանցել և դարձել Հայաստանում շինանյութերի առաջատար արտադրող: Ընկերության արտադրանքի, օրինակ, չոր շաղախների, ներկերի, լաքերի և բետոնե բլոկերի արտադրության մեջ օգտագործվում է տեղական հումք՝ առաջարկելով ավելի թանկ ներմուծված արտադրանքի որակյալ այլընտրանք: