Հայաստանի կառավարության կողմից առաջարկվող կենսաթոշակային կուտակային համակարգը պրոգրեսիվ երևույթ է, այն նախկինում կիրառվել է բազմաթիվ պետություններում, տալով դրական արդյունք: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է <Այլընտրանք>վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքերով, համակարգի մշակմանը մեծ դեր է խաղացել կենսաթոշակային բարեփոխումների Միջազգային կենտրոնի նախագահ և Կատոնի ինստիտուտի մասնավորեցման սոցիալական հարցերի նախագծի համանախագահ, պրոֆեսոր Խոսե Պյերան, հաջողությամբ այդ համակարգը կիրառելով Չիլիում: Այլ բան է, շարունակել է տնտեսագետը, թե ընդունում է արդյոք հանրությունը ՀՀ կառավարության այդ նախաձեռնությունը, հատկապես ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում: Հայաստանի քաղաքացիների վստահությունը կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ ծայր աստիճան ցածր մակարդակի վրա է, գտնում է Մանասերյանը: Նրա խոսքերով, բնակչությունը չունի վստահություն, որ երկրում տարիներ անց կտիրի կայուն մթնոլորտ, ու նրանք կստանան իրենց կուտակային խնայողությունները: Սակայն, աշխարհում ամեն ինչ կառուցվում է վստահության վրա: Այսպես, Շվեդիայի բնակիչներն իրենց ներդրումներն իրականացնում են հաճույթով, հասկանալով, որ արդյունքը կլինի մեծ: Հայաստանի պայմաններում կուտակային կենսաթոշակների պրոբլեմը կարելի է համեմատել բանկային համակարգի հետ, որտեղ վստահության բացակայության դեպքում չեն լինի նաև ավանդներ: Վստահության բացակայության դեպքում այդ օրենքը հաջողություն չի ունենա, հակառակ դեպքում, մենք կունենանք այն, ինչ տեղի ունեցավ բնակիչների ավանդների հետ նախկին ԽՍՀՄ Խնայբանկում, գտնում է Մանասերյանը:
Նշենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):