Հայոց
ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան փորձում է պառակտում մտցնել
սփյուռքահայ կառույցների միջև, սաբոտաժի ենթարկել բազմաթիվ միջոցառումներ`
գիտաժողովներ, ցուցահանդեսներ, համաժողովներ, և այդ փորձերն ավելի ակնհայտ են
դառնում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրեն
Հայկ Դեմոյանը:
«Թուրքական կողմը մշակել է մեր կողմից իրականացվող
միջոցառումների և գործողությունների հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու հստակ
ռազմավարություն: Այդ փորձերը ձեռնարկվում են երկու ուղղությամբ` ներթափանցում
սփյուռքահայ կառույցներ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում թուրքական կողմից
«պատասխան» խորհրդաժողովների, ցուցահանդեսների զուգընթացկազմակերպում, որտեղ
Ցեղասպանության թեման մատուցվում է թուրքական մեկնաբանությամբ: Երկրորդ
ուղղությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի գիտական շրջանակներում ներքին պառակտումներ ստեղծելու
փորձերն են», - նշել է Դեմոյանը:
Հայոց
ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի ասելով, մեկ ամիս առաջ սաբոտաժի նման
փորձ էր ձեռնարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռ
Հասան Ջեմալը. Փարիզում Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ցուցանմուշների
ցուցադրության ժամանակ Հասան Ջեմալը անցկացրել էր իր գրքի շնորհանդեսը` հրավիրելով
նաև հայ համայնքի ներկայացուցիչների: «Թող ինձ համարեն ռասիստ, թող որ դա հարիր չէ
գիտնականին, սակայն ես ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցներին
կոչ եմ անում տեղի չտալ թուրքական կողմի սադրանքներին, լինել չափազանց զգոն, քանի
որ թուրքական կողմի կազմակերպած 10 միջոցառումներից 9-ին խառն են նրանց հատուկ
ծառայությունները», - նշել է Դեմոյանը: Նա հայտարարել է, որ թուրքական գիտական շրջանակների
բազմաթիվ ներկայացուցիչներ միտումնավոր փորձում են ներդնել բավականին վտանգավոր
տեսություններ, կանխադրույթներ, պնդումներ «հայերին բնաջնջումից փրկած բարի
թուրքերի» մասին: Նման պնդումների նպատակը հիմնական խնդրից ուշադրություն շեղելն
է, հիմնական թեմայի քննարկումից խուսափելը: «2015 թվականի ապրիլի 24-ի մոտենալուն
զուգընթաց թուրքական կողմի հակազդեցությունը միայն կուժեղանա», - նախազգուշացրել
է Հայոց ցեղասպանության
ինստիտուտ-թանգարանի տնօրենը: