Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին Բրյուսելում Եվրամիության ներկայացուցիչների և ՙԱրևելյան գործընկերության՚ վեց երկրների արտգործնախարարների հանդիպմանը եվրոպացի գործընկերներին կոչ է արել կատարել ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության՚ պաշտպանության գծով պարտավորությունները: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը:
Մամեդյարովը, մասնավորապես, հայտարարել է, թե ԵՄ և Ադրբեջանի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված բանակցություններում առաջընթաց հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի և գործընկերության հիման վրա: Նրա ասելով, Բաքուն շահագրգռված է ԵՄ հետ երկխոսության զարգացմամբ իրավահավասարության և ռազմավարական համագործակցության հիման վրա:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի փոխադրման անդրադրիատիկական ուղեգիծը կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետագա ամրապնդմանն ու Ադրբեջանի հետ Եվրամիության քաղաքական-տնտեսական հարաբերությունների զարգացմանը: