ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է Հայաստան այցելել ընթացիկ տարում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այդ մասին նա հայտարարել է հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում Քերին հայտարարել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկներ են տարբեր նախաձեռնություններում: Նրա կարծիքով, մեր երկիրն իր նպաստն է բերում Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերին, կարևոր դեր է կատարում Կոսովոյում խաղաղության ապահովման գործում: ՙՄենք կարևորում ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը և բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը՚, - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նախարար Նալբանդյաննիր հերթին ասել է, որ Երևանն ու Վաշինգտոնը սերտ փոխգործակցություն են հաստատել միջազգային բեմահարթակում, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը: ՙՀայաստանը և Միացյալ Նահանգները միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման նպատակով` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, մասնավորպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության: Մենք միակարծիք ենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների՚, - նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները և այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, անդրադարձել են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարևորել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկը, ՙՀազարամյակի մարտահրավեր՚ ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում:
Ջոն Քերին վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակել ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Պետքարտուղար Քերին ընդգծել է, որ ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար: