Սեպտեմբերի վերջին Գյումրիում մեկնարկում է ՙԿինոաշուն՚ ծրագիրը, որը թույլ է տալիս ծանոթանալ տարբեր տարիների հայկական ֆիլմերին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզաննա Բագրատունյանը: Ծրագրի բացման վայրը պատահական չի ընտրվել. այս տարի մեկնարկել է ՙԳյումրին` Համագործակցության մշակութային մայրաքաղաք՚ ծրագիրը:
Առաջիկա ՙԿինոաշունը՚ նվիրված կլինի հայ կինոյի 90-ամյակին և հանդիսատեսի դատին կներկայացնի լավագույն խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը: Ստեղծված ավանդույթի համաձայն, կինոցուցադրումները կընթանան ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում: Ֆիլմերի ցուցադրման հարթակ կդառնան բուհերը:
Լավագույն գրախոսության մրցույթից զատ, որն արդեն առաջին տարին չէ, որ անցկացվում է ՙԿինոաշունի՚ շրջանակում, ծրագրի շրջանակներում առաջին անգամ կանցկացվի Երևանի մասին լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցույթ: ՙԿինոաշունը՚ կշարունակվի ողջ հոկտեմբերի ընթացքում, որը Հայաստանում հայտարարվել է ազգային կինոյի ամիս:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ՙԿինոաշունի՚ շրջանակներում ցուցադրվել է մի քանի հարյուր հայկական ֆիլմ, որոնք նկարահանվել են տարբեր տարիների: Նշվել են նաև Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակը, Սերգեյ Իսրայելյանի 75-ամյակը, Լաերտ Վաղարշյանի 90-ամյակը և Յուրի Երզնկյանի 90-ամյակը: