Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2013

Ավանեսով Ալեքսանդր

ՀՀ վարչապետ. Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելով`ՀՀ իշխանությունները գիտակցել են այդ գործընթացի բազմագործոն լինելը

ՀՀ վարչապետ. Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելով`ՀՀ իշխանությունները գիտակցել են այդ գործընթացի բազմագործոն լինելը

Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելով`Հայաստանի իշխանությունները գիտակցել են այդ գործընթացի բազմագործոն լինելը, և այն հանգամանքը, որ դա ունենալու է ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Այդ մասին դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Նրա խոսքով, կառավարությունը վերլուծել է բոլոր գործոնները և բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: ՙԱյդ վերլուծությունները բերել են համոզման, որ ՄՄ-ին անդամակցությունը բխում է մեր երկրի ու մեր քաղաքացիների շահերից։ Մեր տնտեսվարող սուբյեկտները կարող են մեծացնել իրենց գործունեության ծավալները՚- ասել է վարչապետը։


Մեկնաբանելով հարցը, թե ինչու իշխանություններն այդ քայլին չեն դիմել 3 տարի առաջ`վարչապետը նշել է. ՙՄենք կարծում էինք, որ ՄՄ-ին անդամակցելու հարցում սահման չունենալը լուրջ խոչընդոտ է ։ Հետագայում ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները բախվել են որոշակի խնդրի: Համատեղ ծրագրեր մշակելիս հղում էր արվում ՄՄ-ին, և դա խնդիրներ էր ստեղծում։ Որքան ավելի ուժեղ է ՄՄ-ն, այնքան ավելի շատ խոչընդոտներ էին ստեղծվելու հայ-ռուսական հարաբերություններում։ Դրա համար ստեղծվեց աշխատանքային խումբ, որը հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը` պետք է գտներ այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային հայկական բիզնեսին խուսափել խնդիրներից ապրանքները ՌԴ-ում իրացնելիս՚,- նշել է վարչապետը:


Նա նշել է, որ Հայաստանին մտահոգում էին նաև մաքսատուրքերը, որոնք Հայաստանում շատ ցածր են։ ՙԱյսինքն` մենք պետք է բարձրացնեինք մաքսատուրքերը, և մեր ռուս գործընկերների հետ քննարկել ենք, թե ինչպես ապահովել այդ անցումը, որպեսզի այն ցավոտ չլինի մեր տնտեսության համար և անկման չհանգեցնի։ Բանակցությունների ընթացքում գտանք ընդհանուր եզրեր, որ մեր գործընկերները կարող են աջակցել այդ հարցում։ Երկրորդ հարցը վերաբերել է ընդհանուր սահմանի բացակայությանը, նման պայմաններում մենք պետք է մաքսատուրքեր վճարեինք: Ստացված առաջարկների համաձայն, մենք կարող ենք տարանցմամբ հատել երրորդ երկրների սահմանը, ինչպես Կալինինգրադի մարզի դեպքում է՚,- նշել է նա:  
Ըստ վարչապետի, մեր քաղաքացիների համար ՄՄ-ին անդամակցելը կայուն աճի հիմքեր է ստեղծում: ՙԲացի այդ, մեծածավալ ուղղակի ներդրումներ են լինելու։ Օրերս կարևոր համաձայնագիր կնքվեց ՙՌոսնեֆտի՚ հետ, որը մեծ ներդրումներ կբերի Հայաստան։ Դա չէր կարող լինել ՄՄ-ի անդամակցության հեռանկարի բացակայության պայմաններում։ Նման ներդրումները, որոնց կարիքը ՀՀ-ն ունի, շարունակվելու են: Դա հիմքեր կստեղի աշխատատեղերի ստեղծման և մեր քաղաքացիների սոցիալական աճի համար՚,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն