Մաքսային
միությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը չի ենթադրում սահմանների
քննարկում և ընդհանրապես, նման հարցերի հետ որև առնչություն չունի: Այս մասին
ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար
Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի
հայտարարությունը:
Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային
Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում են միևնույն տնտեսական տարածությունում, և այդ
փաստը կասկած չի հարուցում: Փաստ է նաև, որ արդեն այս տարվա հունիսին Հայաստանը
կմիանա Եվրասիական միությանը: Մնացել է ճշգրտել ընդամենը մի քանի հարց, որոնք նույնպես
սահմանների հետ ոչ մի առնչություն չունեն, քանի որ այդ հարցերը կապված են
ապրանքների ներմուծման և արտահանման հետ: Շարմազանովն ընդգծել է, որ սահմանների
հետ կապված հարցերի քննարկումը չի մտնում ՄՄ կամ ԵԱՏՄ կառույցների
լիազորությունների մեջ: Նրա խոսքով, ավելի վաղ Հայաստանը դարձավ Առևտրի
Համաշխարհային Կազմակերպության անդամ, իսկ հիմալ էլ, անդամակցելով Մաքսային
միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը, դա անում է ոչ թե ղարաբաղյան հարցը
լուծելու համար, այլ` ելնելով իր տնտեսական շահերից: «Այդ բոլոր կազմակերպություններն
էլ իրավասու չեն լուծել ղարաբաղյան հարցը, դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի
խումբ»,-ընդգծել է Շարմազանովը:
Անդրադառնալով ԶԼՄ-ների արձագանքին, կապված Նազարբաևի
հայտարարության հետ, Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ունի փորձառու լրագրողներ և
քաղաքական համակարգ, որոնք պետք է տարբերեն քաղաքական բանակցությունները
հրապարակային հայտարարություններից: «Պետք չէ հրապարակային հայտարարությունների
առնչությամբ ստեղծել աժիոտաժ: Մենք քաջ հասկանում ենք, թե ինչու և ում համար
հնչեցվեցին այդ հայտարարությունները: Վերջին օրերի աժիոտաժը չի բխում հայ
հանրության շահերից, հետևաբար, պետք չէ մոծակից փիղ դարձնել: Հայաստանը
հանդիսանում է ԼՂՀ անվտանգության գարանտը և մտադիր չէ ձեռնարկել քայլեր, որոնք
վնաս կպատճառեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական, քաղաքական շահերին և
անվտանգությանը»,-ընդգծել է Շարմազանովը:
Հիշեցնենք,
որ մայիսի 29-ին Աստանայում կայացած`Եվրասիական տնտեսական միության բարձրագույն
խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարդացել էր Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որտեղ կոչ է արվում Հայաստանին Եվրասիական տնտեսական
միություն ընդունել միայն միջազգային ճանաչված սահմանների շրջանակում: