Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և 30-ին տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից գործադրած բռնության, նրանց կողմից հատուկ միջոցների կիրառման, դրանց հետևանքով հավաքների մասնակիցներին, ինչպես նաև Սարի Թաղի բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ հաղորդումներն ու նյութերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդման հարուցման հարցը լուծելու նպատակով:
Ուղարկված նյութերը վերաբերում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիական հագուստով, քաղաքացիների պնդմամբ, ոստիկանների գործողություններին:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախաղությունը հայտնել էր, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան: Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։