Հայաստանում
հեռուստաբժշկության հնարավորություններն ընդլայնվում են «Ռոստելեկոմ» ընկերության
հովանավորչական աջակցության և տեսախորհրդաժողովի ծառայության գործարկման շնորհիվ: Մայիսի
27-ին տեսախորհրդաժողովի միջոցով ընկերությունը կապ է հաստատել Երևանի
գիտաբժշկական գրադարանի և Կապանի գլխավոր բժշկի միջև:
Ինչպես լրագրողներին հաղորդել է GNC-ALFA (Ռոստելեկոմի
դուստր) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը, ընկերությունը Երևանի գիտաբժշկական
գրադարանից և «Հայաստան» համահայկական հիմնադրամից առաջարկություն է ստացել
հանրապետությունում հեռուստաբժշկության տեխնիկական զարգացման վերաբերյալ և
պատրաստակամություն է հայտնել հովանավորչական աջակցություն տրամադրել: «Վերջին
ժամանակներս մենք առաջինը հանրապետությունում ներդրել ենք տեսախորհրդաժողովի
ծառայություն, որը Հայաստանի բնակիչներին և օտարերկրացիներին թույլ է տալիս մասնակցել
դրան` առանց լուրջ ներրդումների, ինչն առավելություն է արդեն գործող
տեխնոլոգիաների համեմատ», - ասել է Ֆարմազյանը: Նա նշել է, որ «Ռոստելեկոմ»
համակարգը հնարավորություն ունի աշխատել և ինտերնետի, և տվյալների հաղորդման ցանցի
միջոցով և թույլ է տալիս տեսախորհրդաժողովին միաժամանակ 50 մասնակցի առկայություն:
Գլխավոր տնօրենի հավաստմամբ, դա շատ հարմար է ոչ միայն դասախոսությունների, փորձի
փոխանակման, այլև հեռաբուժման համար, երբ հիվանդն ի վիճակի չէ հեռավոր շրջաններից
ժամանել Երևան` բուժվելու:
Ֆարամազյանը նշել է, որ դա փորձնական ծրագիր է, և
հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել տեսախորհրդաժողովների
աշխարհագրությունը և դրանք օգտագործել նաև շնորհանդեսների և այլ միջոցառումների
համար:
Թիվ 1 հիվանդանոցի միկրովիրաբույժ, Բժշկական համալսարանի
դոցենտ Գևորգ Յաղջյանը լրագրողներին հաղորդել է, որ հեռուստաբժշկության ծրագիրն
առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին, երբ կապ է հաստատվել ԼՂՀ բժիշկների հետ:
Սակայն «Ռոստելեկոմ» ընկերության տեսախորհրդաժողովի համակարգն այսօր լավագույնն է
շուկայում, ուստի ընկերությանը դիմել եբ հովանավորչական աջակցության համար: Այդ
ինտերակտիվ համակարգը թույլ է տալիս անցկացնել խորհրդատվություններ: Նա հավելել է,
որ դրանից կարելի է օգտվել 2015 թվականի հուլիսի 2-4-ը նախատեսվող բժիշկների
համահայկական խորհրդաժողովի ընթացքում:
Հիշեցնենք,
որ ռուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ Հայաստանում իր GNC-ALFA դուստր ընկերության միջոցով
2012 թվականից իրականացնում է հեռահաղորդակցության ծառայությունների մանրածախ
վաճառք, օգտագործում է օպտիկամանրաթելային կապուղի, որն այժմ ծածկում է
հանրապետության տարածքի 80 տոկոսը, դրա երկարությունը գերազանցում է 2500 կմ: Միացված
է տարածաշրջանի հիմնական ցանցերին և թրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին,
ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ կցորդման միջազգային շլյուզերին: