Վարդան Սեդրակյանի գործում ինչ-որ բան այն չէ, և իրավապահ
մարմինները պետք է համապատասխան կերպով քննեն այն: Այդ մասին մայիսի 13-ին մամլո
ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ
Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի
բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի
վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Փաստի առթիվ
հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով
(պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):Օպերատիվ
միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Հայրիկյանի վրա մահափորձի գործով երկու
կասկածյալ: Հայրիկյանի վրա մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրանք է ներկայացվել
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Կենտրոն և Նորք
Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին բավարարել է
ԱԱԾ միջնորդությունը, և ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը վերցվել է
երկամսյա կալանքի տակ:
ՙԱյս գործը երկու մեծ թերություն ունի: Մասնավորապես, եթե
նույնիսկ մեղադրյալներ Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը կատարել են այդ
հանցագործությունը, իմ պաշտպանյալի մեղսակցության որևէ ապացույց չկա: Ավելին, որևէ
դատական փորձաքննություն չի անցկացվել: Կասկածյալին նույնիսկ չեն քննել
հոգեբույժները`չնայած շարքային ընթացակարգը պահանջում է դա՚,- ընդգծել է
փաստաբանը: Ըստ որում, նա ենթադրել է, որ մեղադրյալ Պողոսյանն էլ մեղսակից չէ այդ
հանցագործությանը, և դա ինչ-որ թյուրիմացություն է:
Սիրունյանը նաև հաղորդել է, որ վաղը դատարանում
բացատրություններ է պահանջելու, թե որն է Սեդրակյանի մեղքը, քանի որ 6-հատորանոց
գործում չկա Վարդան Սեդրակյանի մեղքը հաստատող որևէ ապացույց: