Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ Կիեւում արտգործնախարարների վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իրոք ցանկանում են հաղթահարել առկա փակուղային իրավիճակը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ին:
«Ինձ համար հաճելի էր, որ Կիևի վերջին հանդիպումը նախարարների համար դարձավ նուրբ ու բարդ հարցեր քննարկելու հնարավորություն` առաջընթացի ճանապարհ
գտնելու նպատակով: Առաջիկա շաբաթներին նրանց հետագա բարձր մակարդակի
փոխգործակցությունն այդ հակամարտությունը խաղաղ ու արդար կերպով կարգավորելու իրական հնարավորություն է ստեղծում, թեև
հարկ է նշել, որ առաջընթացը պահանջում է ամենաբարձր մակարդակի քաղաքական կամք: Անցած շաբաթ նախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը` արդեն ձեռք բերվածի հիման վրա: Միեւնույն ժամանակ, բոլոր կողմերը բաց են
հաստատուն կարգավորման հասնելու ուղիներ դիտարկելու համար: Մենք այսուհետ եւս աջակցելու ենք այդ բանակցություններին», - ասել է դիվանագետը:
Ուորլիքն
ընդսմին շնորհակալություն է հայտնել ուկրաինական կողմին` ԵԱՀԿ արդյունավետ նախագահության համար: Նա նաև հայտարարել է, թե սպասում է Շվեյցարիայի հետ համատեղ աշխատանքին, որը 2014 թվականին կստանձնի ԵԱՀԿ
նախագահությունը: Ամերիկացի համանախագահը նշել է, որ Մինսկի խումբը մնում է կարգավորմանն աջակցող ձեւաչափ, այդուհանդերձ, Շվեյցարիան ունի հակամարտությունների կարգավորման պատմական փորձ, եւ նրա ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանի խնդիրների լուծման գործում կարելի է
միայն ողջունել: